Tag Archives: Types

«Վատ ուսուցչի յոթ մեղքերը… Ո՞րը դուք կգործեիք»

Standard
«Վատ ուսուցչի յոթ մեղքերը… Ո՞րը դուք կգործեիք»

Տարիներ շարունակ, թե որպես դպրոցական և թե որպես ուսուցչուհի ակամայից ուսւոմնասիրողն և դիտարկողն եմ դարձել  ուսուցիչների դասավանդման ընթացքին և նկատել եմ որոշ թերություններ: Ավելին, ես այդ նույն բացթողումները  նկատել եմ իմ իսկ դասարանում՝ որտեղ ես դասավանդում եմ անգլերեն լեզու: Այո՛, կան ուսուցիչներ, ովքեր անդրադարնում են և գրավոր ներկայացնում իրենց իսկ դասընթացի մատուցման թերությունները, որոնք պայմանականորեն կարելի է անվանել  վատ ուսուցչի «մահացու» յոթ մեղքերը, որոնք միանշանակ խորհուրդ չի՛ տրվում փորձարկել ձեր աշակերտների վրա:

Ավարտելով Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որի անունը ես իհարկե չեմ նշի, այլ կտողնեմ ընթերցողին, որ կռահի, ստացել եմ լավագույն գիտելիքները՝ թե ինչպես դասավանդել և՛ փոքրերին և՛ մեծահասակներին: Մենք, որպես լավագույն գիտելիքի կրողներս և Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումների գաղափարակիրներս, պատրաստ էինք (Ինչպես մենք էինք այդպես կարծում) փոխելու կրթական աշխարհը!! Այստե՛ղ լսվում են սգերգի հնչյուններ: Որովհետև ոչինչ այդքան հեշտ չէ, ինչպես կարծում ենք: Խոստովանում եմ, ես ունեմ իմ մեղքի չափաբաժինը, և որպես ուսուցչուհի, գործել եմ դասավանդման հետևյալ մեղքերից մի քանիսը:

Մեղք N1 Ինքնագովություն

Այո՛, իմ շատ սիրելի ուսուցիչներ և գործընկերներ: Մենք սիրում ենք գովաբանել ինքներս մեզ և կրկնել թե ինչ հզորն ենք մենք (Նայիր  վերը ընդգծված գրառմանը) և սա անուրանալի փաստ է:  Ինքնագովության զգացումը ավելի է զորանում, երբ մենք  չենք լսում մեր ականջին հաճելի խոսքեր մեր գործընկերներից, ծնողներից և որ ամենակարևորն է մեր աշակերտներից:

Խորհուրդ՝ մի հուսահատվե՛ք: Վաղ թե ուշ ճանաչման դափնիները կպսակեն ձեր փառավոր գլուխը, ուղղակի եղեք համբերատար, քանզի յուրաքանչյուր տքնաջան աշխատանք, և ես կրկնում եմ տքնաջա՛ն աշխատանքը կգնահատվի և կգովաբանվի, և սա ասում եմ՝ հիմնվելով իմ իսկ փորձառության վրա (կրկին նայի՛ր):

Մեղք N2 Աշակերտի արժանապատվության նսեմացում

Վիրավորելով աշակերտին/ուսանողին, որի մեջ կարելիր է ներառել ձայնից տոնի բարձրացումը, անձնական վիրավորանքները, ֆիզիկական ներգործությունը և այլն, ուսուցիչը անուղղակիորեն հոգեբանական վնասներ է հասցնում երեխային: Պատկերացնենք աշակերտը վիրավորի ձեզ՝ ձեր թույլ տված չնչին սխալի համար: Օրինակ՝ հետևյալ հարցին թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի հիսուն աստղերը ի՞նչ են խորհրդանշում, դուք ենթադրաբար պատասխանեք «ես կարծում եմ, որ խորհրդանշում են ԱՄՆ-ի հիսուն նախագահներին», իսկ ձեր աշակերտը ուղղելով ձեզ կասի «Ընկեր X անգրագե՞տ եք,  նախ ԱՄՆ-ի նախագահները առ այսօր քարասուն չորսն են, և հետո տվյալ աստղերը խորհրդանշում են ԱՄՆ-ի հիսուն նահանգները»: Ի՞նչ զգացողություն կունենաք՝ ամո՞թ, անհարմարությու՞ն: Հենց այդ նույն զգացողությունները կունենա ձեր ուսանողը՝ ում դուք կվիրավորեիք՝ անվանելով նրան անգրագետ ամբողջ դասարանի առջև:

Խորհուրդ՝ հարգելի  ուսուցիչներ փորձեք կառավարել ձեր խոսքը և գործողությունները: Նույնիսկ ծնողները իրավունք չունեն վիրավորելու իրենց երեխաներին: Աշակերտը/ուսանողը նույնպիսի մարդ է ինչպես և ուսուցիչները: Բացի այդ, ես համոզված եմ, որ ձեզ վստահաբար դուր չի գա «Տիկին Հրեշ» պիտակավորումը:

Մեղք N3 Լճացում

Հասարակական Գիտությունները անընդհատ զարգացման մեջ են, ինչը նշանակում է, որ այն անձինք, ովքեր մասնագիտացել են հասարակական գիտության որևէ ասպարեզում, կարիք ունեն միշտ հետևելու նոր զարգացումներին: Ամբողջ աշխարհում ուսուցիչները թարմացնում են իրենց գիտելիքները և հաճույթով մասնակցում են սիմպոզիումների և կոնֆերանսների, ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստումներին: Նման հանդիպումներին կազմակերպիչները և վերապատրաստողները արծարծում են արդի դասավանդման մեթոդներ և որոշ դաստիարակչական որոշ նրբերանգներ՝ թե ինչպես իրենց դասերը հետաքրքիր դարձնել, գիտատեխնիկական զարգացումներին համընթաց քայլող երիտասարդների համար:

Ի հակադրություն վերը թվարկածներին, Հայաստանում ուսուցիչների մեծամասնությունը չի հետևում թե ինչ է կատարվում կրթական աշխարհում: Միայն ուսուցիչների չնչին մասն է հետևում և ոգևորությամբ մասնակցում գիտածողովներին և սեմինարներին:

Հայաստանը կրթականասպարեզի հուսադրող մեծ հեռապատկերներ ունի, և ներկայումս շնորհիվ տարբեր մարդկանց և կազմակերպությունների՝ ովքեր մտածում են Հայաստանի կրթության ապագայի մասին, փորձում են աջակցել կրթական կազմակերպություններին, և նպատակ ունեն աջակցելու ուսանողներին/երիտասարդությանը իրենց կրթության և կարիերայի մեջ: Չնայած,  ուսանողը հիմնական աջակցությունը պետք է ստանա ուսուցչից:

Խորհուրդ՝ ուսուցիչներ պարտադիր չէ բոլոր ուսումնական ծրագրերը և մեթոդները նորացնել և փոփոխել, այլ կարելի է հաջողված օտար նորագույն նվաճումները համադրել մեր տեղական՝ ժամանակի հնոցի միջով անցած փորձառության հետ (առանց ծայրահեղության), և փոխել ձեր վերաբերմունքը դասավանդման վերաբերյալ՝ վերջիվերջո քսանմեկերորդ դարն է: Կյանքում ամենինչ փոխադարձ է, եթե դուք փոխեք ձեր վերաբերմունքը ձեր առարկայի նկատմամբ, ձեր ուսանողը նույնպես կնայի ձեզ և ձեր առարկային նոր տեսանկյունից, և հաճույքով կմասնակցի ձեր դասերին (ոչ մի դասից փախչել, ոչ էլ առհամարական վերաբերմունք ուսանողի կողմից):

Մեղք N4 Երեխայի ունակության մասին կարծրատիպի խնդիր

Չափից շատ ուսուցիչներ իրենց ուսանողներին դատում են, հիմնվելով իրենց առաջին կամ նախնական տպավորությունների հիման վրա: Նման ուսուցիչներ թույլ չեն տալիս այն միտքը, որ չորս վատ գրված ստուգողականին կարող է հաջորդել մեկ հաջողված: Փաստորեն, մենք հնարավորություն չե՛նք տալիս մեր ուսանողներին վերափոխվելու, չէ՞ որ կրթության նպատական է վերափոխել մարդուն:

Խորհուրդ՝ փորձենք չդասակարգել ուսանողներին որպես անխելք և խելացի, վատ ու լավ վարքի տեր ուսանողի, քանզի պատկերացրեք, երբ տնօրինությունը ձեզ դասակարգի վատ ուսուցիչների շարքը:

Մեղք N5  Մենախոսության բարդույթ

Որոշ ուսուցիչներ խոսում են չափից շատ: Այո՛, մենք սիրում ենք խոսել և կարծում ենք, որ  այն ինչ պետք է ասենք սարսափելի կարևոր է և չպետք է թույլ տանք ներկայացվող  առարկայի որևէ եզրաշերտ մնա առանց բացատրության: Մենք սիրում ենք խոսել, յուրովի վերլուծել թեման, առանց առողջ քննարկում կազմակերպելու՝ ուսանող-ուսանող, ուսանող-ուսուցիչ միջև: Սա նշանակում է, որ մենք չենք վստահում մեր ուսանողներին, շատախոսելով սովորեցնում ենք մեր ուսանողներին հարմարվել մեզ:

Խորհուրդ՝ փորձեք խնայողաբար օգտագործել ձեր բառերը, որպեսզի ձեր ուսանողները լինեն ավելի կենտրոնացված ձեր դասերին:

Մեղք N6 Սխալ դասավանդման մեթոդների կիրառումը

Ուսուցիչները պետք է ի մտի ունենա, որ հե՛նց իրենք են ուսանողից/աշակերտից կերտում հասարակության ապագա անդամ, և նրա պարտականությունների մեջ է մտնում կիրառել դասավանդման այնպիսի մեթոդներ, որտեղ կիրառելի կլինի օրինակ՝ թիմային աշխատանքը, ստեղծագործական հմտությունները: Մենք թիմում աշխատելու մեծ խնդիրներ ունենք. կարողանում ենք իրականացնել անհատական ծրագրեր, բայց թիմային աշխատանքներում հաջողություն չենք ունենում: Սա գալիս է նրանից, որ մենք ինքներս դեռևս դպրոցական տարիներից չունենք թիմում աշխատելու փորձառություն:

Խորհուրդ՝ Սիրելի ուսուցիչներ մի՛ խուսափեք նոր մեթոդներին ծանոթանալուց և փոխարենը կիսվեք ձեր առավելագույնով ձեր գործընկերների և ուսանողների հետ և բաց եղեք ընդունելու ուրիշների խորհուրդները և տեսակետները:

Մեղք 7 Տեսականի և գործնականի ներդաշնակության բացակայություն

Երբեմն ուսուցիչները առաջնություն տալով տեսականին, մոռանում են նրա գործնական կիրառության մասին: Օրինակները շատ ավելի բզամազան են ու ընդարձակ քան ներքոնշյալը. օրինակ՝ լեզուների ուսուցման պարագայում, ուսուցիչը ստիպում է քերականական կանոններ անգիր սովորել՝ առանց դրանք տեքստերում կիրառելու:

Պնդում՝ հաջողված կարելի է համարել այն կրթությունը, որում ներդաշնակ են տեսականն ու գործնականը:

Որպես վերջաբան՝ սիրելի ուսուցիչներ, լինելով ուսուցիչ՝ գիտեմ, որ մեզանից շատ բան է կախված: Մենք ենք կրթողը և միաժամանակ դաստիարակողը երեխային, թե ինչպես ներկայանա իրական կյանքում: Մեր պարտականությունն է սովորեցնել և նպաստել, որպեսզի  ուսանողները լինել բաց, և միևնույն ժամանակ՝ զգոն: Լինել բաց, որպեսզի կիսվեն իրենց համադասարանցիների հետ ամենա լավ բաներով որ ունեն, բայց միաժամանակ օգնենք նրանց հասկանալու, որ լինելով բաց նրանք նաև պետք է լինեն զգոն, քանզի նրանք իրական կյանքում պետք է կարողանան դիմակայել ամենատարբեր մարտահրավերների: Այս փոստում ես չեմ փորձում պրոպագանդել՝ վերցնելու ուրիշինը, այլ ես առաջարկում եմ ճանաչել ուրիշինը և արարել մեր յուրօրինակ կրթական համակարգը: Հաճելի դասավանդում մեզ: